Հարցազրույց "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ Վարչության անդամ, Ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Կարեն Ջանինյանի հետ
 
- Տնտեսական ճգնաժամի արդյունքում բանկերը բավական զգուշավոր էին։ Որքանո՞վ էր արդարացված այդ զգուշավորությունը:
- Իր գործունեության սկզբից Արդշինինվեստբանկը որդեգրել է զսպված և հավասարակշռված քաղաքականություն և վարկային ներդրումները պլանավորելիս միշտ առաջնորդվել է կանխատեսվող աճի մեթոդով, քանի որ Բանկի և գործընկերների կոմերցիոն շահերի հաշվառմամբ չափավոր քաղաքականությունը գրեթե միշտ արդարացված է: Ֆինանսատնտեսական ճգնաժամը պարզապես ստիպեց Բանկին առավելագույնս համախմբել իր միջոցները այդ ընթացքում արձանագրվող տնտեսական անկման հետևանքներին դիմակայելու և հնարավոր կորուստների մակարդակը կառավարելի դարձնելու նպատակով: Շնորհիվ կապիտալիզացիայի բարձր մակարդակի և կուտակված լրացուցիչ իրացվելիության, ընդհանուր առմամբ, հաջողվեց հաղթահարել գործունեության այդ փուլում ծագած դժվարությունները:
 
- "Արդշինինվեստբանկը" այս տարվա առաջին եռամսյակում դատարանների որոշումներով վարկերի վերադարձելիության ցուցանիշով եղել է առաջին եռյակում։
- Նախ ցանկանում եմ նշել մեկ կարևոր փաստ. Արդշինինվեստբանկը ՀՀ խոշորագույն բանկերից մեկն է և՛ ֆինանսատնտեսական ներուժով, և՛ մասնաճյուղերի քանակով ու դրանց աշխարհա•րական տեղաբաշխվածությամբ: Հատկապես վերջինն, որ թույլ է տալիս Բանկին ունենալ հաճախորդների առումով դիվերսիֆիկացված վարկային պորտֆել: Մասնավորապես, պետք է նշել որ Բանկը մոտավոր հաշվարկով ունի շուրջ 60 հազար վարկառու: Դատական որոշումներով վարկերի վերադարձելիության ցուցանիշը վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ վարկերի հիմնական մասը տրամադրվել է մինչճգնաժամային ժամանակահատվածում, և ինչպես հայտնի է ֆինանսատնտեսական ճգնաժամը առավելապես մեծ ազդեցություն է ունեցել միջին եկամուտ ունեցող քաղաքացիների վրա` նվազեցնելով վերջիններիս վարկունակությունը: Այս պարագայում, հաշվի առնելով Արդշինինվեստբանկի վարկառուների մեծ թիվը, դատական որոշումների արձանագրված ծավալը կանխատեսելի ցուցանիշ էր:
 
- Ճգնաժամից, հատկապես ռիսկերի մասով, ի՞նչ դասեր եք քաղել, և ինչ համակարգային փոփոխություններ են կատարվելու բանկում։
- Դեռևս մինչճգնաժամային փուլում զգացվում էր Բանկի կազմակերպական կառուցվածքի վերափոխման անհրաժեշտությունը. մասնավորապես խնդիր էր դրվել ստեղծել ռիսկերի կառավարման կենտրոնացված և առավել արդյունավետ համակարգ, ինչպես նաև բարելավել խնդրահարույց ակտիվների վերադարձման աշխատանքներում ընդգրկված կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կոորդինացումը: Նշված վերափոխումների անհրաժեշտությունը առավել սրվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլում, որի պատասխանը եղավ Արդշինինվեստբանկի կառավարման համակարգի բարեփոխման նախաձեռնումը: Նշված բարեփոխման առաջին քայլի արդյունքում նախկինում գործող Վարկային և Կորպորատիվ հաճախորդների դեպարատամենտների հիմքի վրա կազմավորվեցին Ռազմավարական հաճախորդների, Փոքր և միջին բիզնեսի զարգացման և Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտները` յուրաքանչյուրը հաճախորդների իր թիրախային խմբով: Որակի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Բանկում ստեղծվեց Ռիսկերի կառավարման դեպարտամենտը` հսկողական, վերլուծական և խորհրդատվական գործառույթներով, իսկ խնդրահարույց ակտիվների վերադարձման աշխատանքներում ընդգրկված կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կոորդինացումը բարելավելու նպատակով ստեղծվեց Խնդրահարույց ակտիվների վարչությունը: Այս բարդ և կարևոր փոփոխութուններն իրականացնելու համար միջազգային լավագույն փորձը ընդօրինակելու նպատակով մենք մշտապես օգտվել ենք արտասահմանյան փորձագիտական կառույցների խորհրդատվությունից: Իսկ գործընթացը նախաձեռնելու առաջին իսկ օրվանից Բանկի կողքին են եղել Բանկի մասնակից և գործընկեր Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետները, որոնք իրենց համապատասխան գիտելիքներով և փորձառությամբ աջակցել են Բանկին բարեփոխումները ճիշտ հունով իրականացնելու հարցում:
 
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության կողմից տնտեսական զարգացումների կանխատեսումները բավական արագ փոփոխվում են, որքանո՞վ է հաջողվում ճիշտ գնահատել գործարար-վարկառուների ռիսկերը։
- Վարկավորման գործընթացը կազմակերպելիս և այդ ոլորտի ռիսկերը կառավարելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր վարկային նախագծի դեպքում գործ ենք ունենում որոշակի վարկառուի հետ, որը թեև գործում է մակրոտնտեսական ընդհանուր միջավայրում, սակայն առանձնանում է իր ուրույն հնարավորություններով, ուժեղ և թույլ կողմերով: Հաճախորդին առավել ճշտգրիտ գնահատելու նպատակով Բանկում կիրառվում են վերլուծության այնպիսի մեթոդներ և մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս բացահայտել հաճախորդի` որպես տնտեսվարող ինքնուրույն սուբյեկտի անհատական հատկանիշները: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռնում ոչ միայն պարզապես գնահատել վարկը տրամադրվելու դեպքում հաճախորդի կողմից իր պարտավորությունները կատարելու ունակությունը, այլև թույլ է տալիս Բանկին սովորական վարկային գործակալից հաճախորդի համար վերածվել գործընկերոջ և ֆինանսական խորհրդատուի: Այդ նպատակով Բանկում ներդրված է վերլուծություն ու վարկանշման բազմաշերտ և տեղեկատվության հավաքագրման առումով դիվերսիֆիկացված համակարգ:
 
- Վարկավորման ժամանակ ռիսկերից է նաև փոխարժեքը։ Այս տարվա փոխարժեքը որքանո՞վ էր կանխատեսելի Ձեզ համար։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք դրամի փոխարժեքի վերաբերյալ և ինչպե՞ս եք կարողանալու ապահովագրվել հնարավոր ռիսկերից:
- Այո, դուք միանգամայն ճիշտ եք: Արտարժույթով վարկավորումն համապատասխան արտարժութային ներհոսքեր չունեցող հաճախորդներին առաջացնում է լրացուցիչ վարկային ռիսկեր: Մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ զգալիորեն նվազել են նաև դրամով ավանդների տեսակարար կշիռը ոչ միայն մեր Բանկում, այլ նաև ողջ բանկային համակարգում, ինչը լուրջ խոչնդոտներ է ստեղծում դրամով լայնամասշտաբ վարկավորում իրականացնելու համար: Արտարժութային ավանդների տեսկարար կշիռը դրամայինի օգտին ավելացնելու նպատակով Բանկը իջեցրեց արտարժույթային ավանդների ներգրավման տոկոսները` միաժամանակ բարձրացնելով դրամային ավանդների տոկոսադրույքները:
- Դրամի փոխարժեքների վերաբերյալ մեր սպասումները հիմնականում իրականացան: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ ընդհանրապես կանխատեսումներ կատարելը անշնորհակալ գործ է: Սակայն, կարծում եմ` դրամը կարող է տատանվել ԱՄՆ դոլարի նկատմամբ 360-ից 385 դրամ փոխարժեքների միջակայքում` հիմնականում ներքևի հատվածում: Փոխարժեքի շոկային փոփոխությունների հավանականությունը մեր գնահատականներով ցածր է:
 
- Օրերս Հոնկոնգում տեղի ունեցավ Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Ակտիվների և պասիվների և ռիսկերի կառավարման նվիրված երրորդ տարածաշրջանային ֆորումը, որին մասնակցում էր նաև Արդշինինվեստբանկի ներկայացուցիչը: Ինչ ձևաչափով էր ընթանում ֆորումը:
- Օգոստոսի 25-ից 27-ը, Հոնկոնգում տեղի ունեցած Ակտիվների և պասիվների և ռիսկերի կառավարման նվիրված երրորդ տարածաշրջանային ֆորումին Բանկը ներկայացնում էր Իրացվելիության և շուկայական ռիսկերի վարչության պետ Վահագն Քոչարյանը, որն ի դեպ զեկույց է ունեցել Իրացվելիության ռիսկի կառավարումն Արդշինինվեստբանկում թեմայով: Ֆորումին հրավիրված էին մեծ եռյակի վարկանիշային գործակալությունների, մեծ հնգյակի աուդիտորական ընկերությունների, առաջադեմ բանկերի ակտիվների և պասիվների և ռիսկերի կառավարման փորձառու մասնագետներ, Ասիական Զարգացման Բանկի ներկա և պոտենցիալ հաճախորդներ: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության շուկայում գործող բանկերից ֆորումին մասնակցելու հրավեր ստացել էին ընդամենը երկու բանկ:
Ֆորումն անցել է բաց քննարկումների անմիջական մթնոլորտում, որն անշուշտ օգտակար է Արդշինինվետբանկի ռիսկերի կառավարման արդիական համակարգի ստեղծման գործում: Ի դեպ մեր ներկայացուցչի զեկույցը բավականին լավ արձագանքներ է ունեցել ֆորումի մասնակիցների մոտ:
 
"Կապիտալ" օրաթերթ 07.09.2010