Հունիսի 12-ին Մարտունիում բացվեց "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի "Վարանդա" մասնաճյուղը: Հանդիսավոր բացման իրավունքը տրվեց Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վ.Խաչատրյանին և ԱՇԻԲ-ի խորհրդի նախագահ Կ. Սաֆարյանին: "Բացելով նոր մասնաճյուղ, "Արդշինինվեստբանկը" էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում և հուսով ենք, որ ակտիվ համագործակցության արդյունքում ԱՇԻԲ-ի ֆինանսական ներդրումները կխթանեն ԼՂՀ տնտեսական զարգացումը: Շնորհավորում եմ բոլորիս և հիշեցնում մեր կարգախոսը. "Մենք ուժեղ ենք միասին"",- նշեց Կ. Սաֆարյանը: Ունենալով 49 մասնաճյուղ ՀՀ-ում "Արդշինինվեսբանկն" այսօր արդեն իսկ 6 մասնաճյուղեր ունի ԼՂՀ-ում և ներկայցուցչություն Փարիզում: Բանկն ապահովում է շուրջ 1100 աշխատատեղ: Այսօր բանկն առաջատար է համակարգում այնպիսի ցուցանիշերով, ինչպիսիք են ընդհանուր ակտիվները, վարկային ներդրումները, կանոնադրական հիմնադրամը, զուտ շահույթը: Ընդհանուր պարտավորությունների մեծությամբ բանկը զբաղեցնում է երկրորդ, իսկ ընդհանուր կապիտալի մեծությամբ` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ժամանակակից բանկային տեխնոլոգիաները և փորձը կառույցին թույլ են տալիս առաջարկել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, գործառույթներ չեկերով, փաստաթղթային ակրեդիտիվ, արտարժույթով և արժեթղթերով, կանխիկ դրամով և այլն: Այսօր նրա ծառայություններից օգտվում են շուրջ 130000 ֆիզիկական և իրավաբանական անձինք: Բանկի արցախյան 6 մասնաճյուղերում սպասարկվում են ավելի քան 4500 հաճախորդներ, որոնցից շուրջ 300-ը իրավաբանական անձինք: "Արդշինինվեստբանկը" նպաստում է տարածաշրջանային զարգացմանը` տրամադրելով ձեռնարկատիրական, գյուղատնտեսական, փոքր և միջին բիզնեսի, առևտրային և սպառողական վարկեր: Մասնաճյուղերի բացումը կնպաստի նաև բնակչության կենսամակարդակի բարձրացմանը` պայմանավորված նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Ներկայումս Արցախի 6 մասնաճյուղերում բանկն ապահովում է շուրջ 70 աշխատատեղ:
ԱԶԱՏ ԱՐՑԱԽ օրաթերթ 14.06.08