2013թ. ապրիլի 30-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակեց Բանկի 2012թ. գործունեության արդյունքներն ըստ աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների ՖՀՄՍ համաձայն: Չնայած hամաշխարհային տնտեսության շարունակական փոփոխականությանը և Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը Բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշների արագ աճ արձանագրեց:
2012թ. եկամտի և ծախսերի հաշվետվության հիմնական հոդվածների դինամիկայի համեմատականը 2011թ-ի նույն ժամանակահատվածի հետ.
- Գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 3,9 %-ով՝ կազմելով 47,5%;
- Զուտ շահույթն ավելացել է՝ հասնելով մինչև 4,2 մլրդ ՀՀ դրամ, որը 79,4%-ով գերազանցում է 2011թ.-ի նույն ցուցանիշը;
- Զուտ տոկոսային եկամուտը աճել է 18,7%-ով;
- Զուտ գործառնական եկամուտը աճել է 21,7%-ով;
Վերոնշյալ տվյալները ապացուցում են, որ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ շարունակում է պահպանել առաջատար դիրքեր Հայաստանյան շուկայում:
Այդպես՝ 2012թ. 12 ամիսների համար Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ ավելի քան 1,8 անգամ գերազանցելով նախորդ 2011թ. նույն ցուցանիշը, որը Բանկի ողջ պատմության ընթացքում ամենաբարձր աճի տեմպերից մեկն է: Զուտ շահույթի աճը ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:
Հավելելով դրական ֆինանսական արդյունքը՝ Բանկը շարունակեց ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման և գործառնական համակարգի զարգացման աշխատանքները: Ինչպես և նախկինում ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ունի լայն մասնաճյուղային ցանց՝ երկրում ամենամեծերից մեկը:
2012թ. 12 ամիսների զուտ տոկոսային եկամուտը կազմել է 10,4 մլրդ ՀՀ դրամ՝ 2011թ. ցուցանիշի համեմատ աճելով 18,7%-ով: Բանկի բիզնեսի արդյունավետությունը հաստատող այս ցուցանիշի աճը պայմանավորված է Բանկի բիզնես-մոդելի շարունակական փոփոխության հետ:
Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 21,7 %-ով՝ հասնելով մինչև 15,1 մլրդ ՀՀ դրամ: Ցանկացած երկրի բանկային ոլորտում աննախադեպ աճի նման ընթացքը կապված է ակտիվների տեղաբաշխման թիրախների իրագործման հետ, ինչպես նաև ակտիվների ընդհանուր ծավալի մեջ բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների թվի աճի հետ (այսինքն՝ վարկավորման միջոցով շուկայում ավելորդ իրացվելիության տեղաբաշխումով):
Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 47,5%: Տվյալ ցուցանիշը 10,7%-ով գերազանցում է բանկային համակարգի նույն ցուցանիշը ընդհանուր առմամբ, որը կազմում է 58,2%: Ծախսերի կառավարման խնդիրը առաջնային դեր է զբաղեցնում՝ գտնվելով Բանկի ղեկավարության անընդհատ հսկողության տակ:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 198,5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 23,8 %-ով: Բանկի ղեկավարությունը չէր հետապնդում ակտիվների ծավալը մեծացնելու նպատակ, ավելին՝ նրանց խնդիրը կայանում էր առկա ակտիվների առավելագույնս արդյունավետ տեղաբաշխման մեջ: Արդյունքում, 2012թ. վերջին Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացավ մինչև 136,1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 43,0 %-ով ավել է 2011թ. վերջի տվյալների համեմատ:
Բանկի մանրածախ հատվածի զարգացումը նպաստեց վարկային պորտֆելի կայուն աճին: Մանրածախ վարկերի պորտֆելը աճեց մինչև 46,2 մլրդ ՀՀ դրամ՝ 2012թ. ընթացքում ավելանալով 15,6 մլրդ. ՀՀ դրամով, իսկ դրա չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջի դրությամբ կազմեց 34%:
Բանկի ձեռնարկություններին (կորպորատիվ հաճախորդներին) տրված վարկերի ծավալը աճեց 25,3 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով մինչև 89,9 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 66%:
Հարկ է նշել, որ վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ Բանկին հաջողվել է էականորեն բարելավել ակտիվների որակը: Այդպես՝ 90 օրից ավել վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջին կազմեց ընդամենը 0,83%:
Բանկի սեփական կապիտալը՝ իր ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 13,7%-ով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմելով 35,8 մլրդ. ՀՀ դրամ:
Եկամտաբերության ցուցանիշների հարաբերակցությունը սեփական կապիտալի միջին մեծությանը (ROAE) և ակտիվների միջին մեծությանը (ROAA) կազմել են համապատասխանաբար 12,6% և 2,4%:
Բանկի զարգացման ոչ քիչ կարևոր գործոն է հանդիսանում նաև արտաքին դոնորների հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ 2012թ. ընթացքում հաջողվեց ներգրավել լրացուցիչ $ 8 մլն ռեսուրս BSTDB-ից և $ 6 մլն՝ ADB-ից:
Մեկնաբանելով նախորդ տարվա աշխատանքների ամփոփումը՝ Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. 'ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ 2012թ. ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Բանկը վերափոխվել է հաճախորդներին որակյալ ծառայությունների լայն ընտրանի առաջարկող ունիվերսալ ֆինանսական հաստատության: Շարունակաբար աճող հաճախորդների բազան խոսում է ի օգուտ այն բանի, որ Բանկը գտնվում է ճիշտ ուղու վրա:'
2013թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ հաճախորդների բազան կազմում է թվով 9.700 իրավաբանական անձ և 175.350 ֆիզիկական անձ, ինչը 32%-ով գերազանցում է 2011թ. նույն ցուցանիշը:
2012թ. ընթացքում Բանկի ցանցն աճել է 29 կետով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հասնելով 330 (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):
'ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ' ՓԲԸ-ի աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: