-Պրն Կարամանուկյան, այս տարին բարդ էր թե՜ տնտեսության, թե՜ բանկային համակարգի համար: Տարին ինչպե՞ս եք փակում, ի՞նչ ձեռքբերումներով ու բացթողումներով:
-Այս տարվա մեր հիմնական ձեռքբերումն այն է, որ տարին փակում ենք շահւյթով: Մեզ մոտ նաև եղել է ակտիվների աճ, տեղի է ունեցել նաև թե՜ ֆիզիկական, թե՜ իրավաբանական անձանց դեպոզիտների աճ: Ցավով պետք է նշեմ, որ այս տարվա ընթացքում նվազել է բանկի վարկային պորտֆելը, բայցևայնպես վերջին ամիսներին նկատվում է վարկավորման ծավալների աճ: Հաշվի առնելով այս միտումը` կարծում եմ, որ վարկային պորտֆելի մասով այս տարվա բացթողումը մենք կվերականգնենք արդեն գալիք տարվա ընթացքում:
Ես վերջերս եմ նշանակվել վարչության նախագահի պաշտոնում, և կարծում եմ, որ բանկում բացթողումներ չեն եղել: Պարզապես պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով` եղել են որոշակի բացասական ակնկալիքներ, ինչի պատճառով բանկը վարել է ավելի պահպանողական քաղաքականություն: Կարծում եմ` ոչ միայն մեր բանկում, այլև այլ բանկերում գարնանը ձևավորվել էին բացասական սպասելիքներ, և բանկերը շատ ակտիվ չէին գործում: Այս տարվա սեպտեմբերից արդեն բանկերը ցուցաբերեցին որոշակի ակտիվություն ինչպես վարկերի տրամադրման, այնպես էլ տնտեսվարողներին այլ բանկային ծառայություններ մատուցելու առումով:
 
-Այս տարի "Արդշինինվեստբանկը" մի քանի վարկային գծեր է ստացել միջազգային ֆինանսական կառույցներից: Հաշվի առնելով, որ դրսի միջոցներն ավելի թանկ են դարձել, դրանց ներգրավումը որքանո՞վ էր նպատակահարմար և ի՞նչ ուղղություններով են դրանք տեղաբաշխվել:
-Այս տարվա ընթացքում մենք օգտվել ենք մեկ խոշոր ռեսուրսից. ամերիկյան World Business Capital-ից ստացել ենք $10 մլն-ի վարկ` տասը տարի ժամկետով: Չէի ասի, որ սա թանկ ռեսուրս է, քանի որ համեմատած ներքին շուկայում առկա ռեսուրսների հետ` այն, այնուամենայնիվ, ավելի էժան է: Բացի այդ, դա երկարաժամկետ ռեսուրս է: Ներգրավված միջոցներն ուղղվելու են հիմնականում փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Առևտրի ֆինանսավորման համար նաև ռեսուրսներ ենք ներգրավել Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլոբալ առևտրի ֆինանսավորման ծրագրով: Միջոցներ են ներգրավվել նաև բելգիական KBC բանկից, վերջիններս տրամադրվել են առողջապահական ընկերություններից մեկին` ժամանակակից բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար:
 
-Իսկ ներքին շուկայից միջոցներ ներգրավելու ծրագրեր ունե՞ք` պարտատոմսերի թողարկմամբ:
-Այս պահին նման ծրագրեր չունենք: Դա նպատակահարմար չենք համարում, քանի որ պարտատոմսերի շուկայում ակտիվությունն այնքան էլ բարձր չէ:
 
-"Արդշինինվեստբանկն" ուներ արտասահմանյան բորսայում ցուցակվելու մտադրություն: Հեռանկարում IPO-ի ծրագիր ունե՞ք:
-Հեռանկարում` ունենք, բայց այդ ժամկետը ճիշտ որոշելը կախված կլինի մեր միջնաժամկետ զարգացման ծրագրերից: Այս պահին բավական դժվար է հստակ ժամկետ նշել, թե երբ կգնանք բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման: Արտասահմանյան բորսաներից մեկում ցուցակվելու մեր ծրագիրը կասեցվել է մինչև լավ ժամանակներ: Կարծում եմ` ներկայում միջազգային շուկայում IPO իրականացնելը շատ դժվար կլինի, քանի որ միջազգային ներդրողների կողմից մեր նման տարածաշրջաններում ներդրումներ կատարելու ցանկություն կարծես թե չկա:
 
-Այս տարի բանկային համակարգում ավելացել է չվերադարձելիության տոկոսը: Ձեզ մոտ ինչպե՞ս է վիճակը:
-Ընդհանուր բանկային համակարգում ամռան ընթացքում վարկերի չվերադարձելիության մասով կարծես աճ էր նկատվում, բայց ԿԲ-ի և բանկերի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել այդ բացասական երևույթը: Որոշ դեպքերում կատարվեցին վարկերի վերաձևակերպումներ, և բանկային համակարգում չվերադարձելիության որոշակի նվազում տեղի ունեցավ: Կարծում եմ` ասօր բանկային համակարգում չվերադարձելիության մակարդակը 10%-ի սահմաններում է, իսկ մեր բանկում` 9,5%-ի: Չվերադարձվող վարկեր կան և՜ ֆիզիկական անձանց, և՜ իրավաբանական անձանց գծով:
 
-Մտավախություններ կան, որ Ռուսաստանում կարող է լինել վարկերի չվերադարձելիության երկրորդ ալիք: Հայաստանում նման զարգացում հնարավո՞ր է, բանկային համակարգը պատրա՞ստ է դրան:
-Մի շարք հեղինակավոր տնտեսագետներ, ֆինանսիստներ ասում են, որ այս պահին կանխատեսումներ անելը ամենաանշնորհակալ գործն է: Ես նույնպես չեմ կարող կանխատեսումներ անել` արդյոք Ռուսաստանում կլինի՞ երկրորդ ալիք, թե՞ ոչ: Հուսանք, որ չի լինի: Եթե նույնիսկ Հայաստանում ռուսական ազդեցությամբ լինի երկրորդ ալիք, ապա մեր բանկային համակարգը բավական պատրաստված, կազմակերպված է, և կարող է դիմագրավել այդ բացասական ալիքին: Այսօր մեր բանկային համակարգում բավական բարձր է իրացվելիության մակարդակը. բանկերը, որոնք ունեին միջոցների կարիք, ավելացրել են կապիտալը: Մեր բանկն ունի բավական մեծ կապիտալ, ունենք բարձր իրացվելիության մակարդակ, և չեմ կարծում, որ այդ բացասական զարգացումը որևէ ձևով շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր բանկի վրա կամ բանկային համակարգի վրա ընդհանրապես: Այսօր մեր բանկային համակարգը համարվում է տարածաշրջանի առողջ համակարգերից մեկը:
 
Վերջերս ԿԲ-ն մտցրեց հատուկ նորմատիվ`արտարժույթի դիրքի մասով: Ներկայումս քննարկվում է մեկ անձի գծով պարտավորությունների սահմանափակման նորմատիվի հարցը: Ըստ Ձեզ` սրանք վատ զարգացումների նախապատրաստությո՞ւն են:
-Մեկ անձի գծով պարտավորությունների սահմանափակման նորմատիվը նախատեսված է "Բանկերի և բանկային գործուներության մասին" ՀՀ օրենքով: Այս նորմատիվի ներդրումը նաև ԿԲ-ի խորհրդի որոշումներից մեկի պահանջն է: Այս նորմատիվի ներդրման նպատակն այն է, որ բանկերում լինի ֆինանսավորման աղբյուրների կենտրոնացվածության սահմանաչափ, քանի որ հակառակ պարագայում բանկը կախվածության մեջ է լինում մեկ անձի ֆինանսական վիճակից: Այս ցուցանիշը լայնորեն տարածված է միազգային ֆինանսական պրակտիկայում, և դա թույլ է տալիս բանկերին իրացվելիության ռիսկերի կառավարման տեսակետից լինել ավելի զգոն: Բանկերը պետք է նաև դիվերսիֆիկացնեն իրենց ֆինանսական ռեսուրսները և կախված չլինեն մեկ աղբյուրից: Կարծում եմ, որ ճիշտ կլինի` մեր բանկերը դիվերսիֆիկացնեն իրենց ֆինանսական աղբյուրները: Մեր բանկում նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ընթանում են բանակցություններ տարբեր ֆիանսական կառույցների հետ` հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Դրանով մենք նույնպես կդիվերսիֆիկացնենք ֆինասական աղբյուրները: Կարծում եմ, որ ԿԲ-ն ճիշտ է անում, որ մշակում է նման նորմատիվի ծրագրեր, քանի որ դա իրացվելիության բարձր մակարդակ ունենալու համար անհրաժշետ նորմատիվ է: Մեր բանկը կողմ է նման նորմատիվի ներդրմանը:
 
-Իսկ ին՞չ կասեք արտարժույթի դիրքի նորմատիվի մասին:
-ԿԲ-ի կողմից այդ նորմատիվի ներդրումը կանխեց որոշակի բացասական զարգացումներ: Չեմ կարծում, որ արտարժույթի շուկայում լինեն կտրուկ տատանումներ: Այդ նորմատիվով կանխվեցին նաև որոշ տնտեսվարողների, ինչու ոչ` բանկերի որոշ սպեկուլյատիվ գործողություններ: Մտցնելով այդ նորմատիվը` ԿԲ-ն կարողացավ զսպել ռիսկերը: Կարծում եմ` ԿԲ-ն ճիշտ ժամանակին մտցրեց այդ նորմատիվը:
 
-Վերջին մի քանի օրերին դրամը կտրուկ սկսեց արժևորվել: Ըստ Ձեզ` դա պայմանավորված է Ամանորո՞վ, թե՞ սկսվել է ազգային արժույթի ամրապնդումը:
-Բնակչության խնայողությունները, որոնք տարվա ընթացքում վերածվել էին արտարժույթի, Ամանորի նախօրեին փոխարկվում են դրամի, այդ իսկ պատճառով արտարժույթի շուկայում նկատվում էր արտարժույթի ավելցուկ: Ներկայում բավական դժվար է կանխատեսել, թե ի՞նչ փոխարժեք կլինի, օրինակ` տարվա սկզբին: Բայց կարծում եմ, որ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ չեն լինի: Մենք արժեզրկման կամ արժևորման մեծ տատանումներ չենք կանխատեսում:
 
-Տնտեսվարողներն ակնկալում են, որ բանկերը կշարունակեն իջեցնել տոկոսադրույքները: Ըստ Ձեզ` ներկայում որքանո՞վ է դա իրատեսական:
-Եթե նկատել եք, վերջին ամիսներին բանկային համակարգում արդեն տեղի է ունենում տոկոսադրույքների նվազում: Դրան նպաստում է ԿԲ-ի վարած քաղաքականությունը, բանկերին վարկային միջոցների տրամադրումը տարատեսակ վարկային ծրագրերով, մասնավորապես` ռուսական վարկի, KfW բանկի և Համաշխարհային բանկի ՓՄՁ ծրագրի շրջանակներում: Բանկային համակարգ են մուտք գործել ավելի էժան ռեսուրսներ թե՜ դրամով, թե՜ արտարժույթով, ինչը բանկերին թույլ է տվել վերանայել տոկոսադրույքները: Կարծում եմ` տոկոսադրույքների իջեցման գործընթացը առաջիկայում կշարունակվի:
 
-Որոշ գործարարներ համարում են, որ բանկերը չպետք է լինեն խոշոր հարկատուների ցուցակի առաջնային դիրքերում, քանի որ նրանք մեծ շահույթներ են ապահովում մեծ սպրեդի հաշվին, մինչդեռ բանկերն ավելի շատ պետք է օժանդակեն տնտեսության ֆինանսավորմանը: Որքանո՞վ են նման մեղադրանքները հիմնավորված:
-ժամանակին բանկային համակարգում ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների միջև եղել է մեծ մարժա, բայց վերջին երկու-երեք տարվա ընթացքում նկատվում է այդ մարժաների նվազման միտում: Այսօր Հայաստանում թույլատրելի ամենամեծ տոկոսադրույքը 24% է, մինչդեռ 7-8 տարի առաջ տոկոսադրույքները հասնում էին 37-38%-ի: Այսօր միջինացված տոկոսադրույքը բանկային համակարգում 16-17% է: Բանկերին մեղադրել, որ սահմանում են բարձր տոկոսադրույքներ, այդքան էլ ճիշտ չէ: Հայաստանի տնտեսությունում այսօր բանկերը ամենաթափանցիկ տնտեսվարողներն են, քանի որ գտնվում են ԿԲ-ի խիստ վերահսկողության դաշտում: Բացի այդ` հայտարարգրվում են բոլոր ֆինանսական ցուցանիշները, այդ թվում` շահույթը, և ըստ այդմ վճարվում է շահութահարկ:
 
-Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է փոխառությունների տոկոսների վերին շեմը: Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր բանկն այդ սահմանափակման հարցում:
-Վերին շեմի սահմանումը, իմ կարծիքով, ճիշտ է: Այսօր տոկոսադրույքներն ավելի ցածր են, և վերին շեմին մոտ տոկոսադրույքներով իրական տնտեսությունը չի վարկավորվում: Վերին շեմն ավելի շատ սահմանված է սպառողական, միկրովարկերի համար: Այսօր տնտեսվարողները նման բարձր տոկոսադրույքներով միջոցներ չեն ներգրավի: Չեմ կարծում, որ բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման որոշակի սահմանափակումը պայմանավորված է տոկոսադրույքների վերին շեմով: Բանկերն արդեն կարծես սկսել են սպառողական վարկերի տրամադրումը: Մեր բանկը հունվարից նույնպես կսկսի տրամադրել սպառողական վարկեր:
 
Զրուցեցին Կարեն Հարությունյանը և Արմենակ Չատինյանը