"Արդշինինվեստբանկի" "Էջմիածին" մասնաճյուղը երեկվանից սկսեց աշխատել նոր բարեկարգված տարածքում։ Լինելով Հայաստանի ամբողջ տարածքում գործող բանկի 51 մասնաճյուղերից մեկը, Էջմիածնի մասնաճյուղն իր 18 աշխատակիցներով հնարավորություն կունենա սպասարկելու 3-3,5 հազար բնակիչների։
Արդեն նորոգված տարածքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ "Արդշինինվեստբանկի" վարչության նախագահ Արամ Անդրեասյանը նշեց, որ եթե Հայաստանի մյուս առաջատար բանկերը նոր են սկսում մասնաճյուղեր բացել մարզերում, ապա իր ղեկավարած բանկի մասնաճյուղերը վաղուց են ընդգրկել ամբողջ Հայաստանը։ Նա ընդգծեց, որ "Արդշինինվեստբանկի" քաղաքականությունն է հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ապահովելը եւ հայտնեց, որ այս տարի եւս 5-6 մասնաճյուղերի շենքային պայմաններ պետք է բարելավվեն եւ նորոգվեն։
Մեր այն հարցին, թե "Էջմիածնի մասնաճյուղում միայն բնակչությունն է սպասարկվելու, թե՞ նաեւ բիզնես վարկեր են տրվելու" Արամ Անդրեասյանը պատասխանեց, որ "Արդշինինվեստբանկի" մատուցում են բանկային ծառայությունների ամբողջ տեսականին՝ այդ թվում տալիս են բիզնես վարկեր, մասնակցում գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրին։
Դրամի արժեւորման առնչությամբ տրված հարցին Արամ Անդրեասյանը պատասխանեց, որ դա ընդհանուր առմամբ դրական երեւույթ է, չնայած արատահողները որոշակի վնասներ են կրում։ "Մենք էլ 40 մլն դրամի վնաս ենք կրել" նշեց նա։ "Արդշինինվեսբանկի" վարչության նախագահի կարծիքով, այդուհանդերձ ներկայիս փոխարժեքը շուկայում ստեղծված առաջարկի եւ պահանջարկի արդյունք է։ Նա հայտնեց, որ միայն իրենց բանկով նախորդ տարվա համեմատ զգալիորեն մեծացել են դոլարային փոխանցումները, ընդ որում, ոչ միայն մասնավոր, այլ նաեւ արտահանումից ստացվածները։ Բացի այդ, մեծ գումարներ են մտնում նաեւ շինարարության ոլորտում, ինչը նույնպես ազդում է փոխարժեքի վրա եւ մեծացնում դոլարի առաջարկը։ Արամ Անդրեասյանը, սակայն, ավելի կարեւոր համարեց ոչ թե փոխարժեքի փոփոխությունները, այլ գների կայունության պահպանումը։

"ԱԶԳ"