Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) Արդշինինվեստբանկի հետ ստորագրել է խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի այն կաջակցի բանկի ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանը և փոքր ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը:

Պայմանագիրը հանդիսանում է տարածաշրջանում ճգնաժամին արձագանքելու IFC-ի ավելի լայն նախաձեռնության մաս, որն ուղղված է բանկային ոլորտի կայունացմանը:
'
Որպես առաջատար հայկական բանկ` իր հիմնադրման օրվանից, Արդշինինվեստբանկը մեծ կարևորություն է տալիս ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, - նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Բալասանյանը:
Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը IFC-ի հետ և համոզված ենք, որ IFC-ի փորձագետների խորհրդատվության կիրառման արդյունքները մեր հաճախորդներին տեսանելի կլինեն մոտ ապագայում':
IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկն ասաց. '
Մենք ուրախ ենք, որ օգնում ենք Հայաստանի խոշորագույն բանկերից մեկին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը և ավելացնել իր գործառնությունների կայունությունը: Դա կնպաստի երկրում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը':
IFC-ն, հանդիսանալով զարգացող երկրներում մասնավոր հատվածում ներդրումներ կատարող խոշորագույն բազմակողմ ֆինանսական կազմակերպություն, սկսել է նպատակային նախաձեռնությունների մի լայն շրջանակ` օգնելու մասնավոր հատվածի ձեռնարկություններին հաղթահարել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը: Այդ նախաձեռնությունները նպատակաուղղված են համակարգելու առանձին կազմակերպությունների հակաճգնաժամային քայլերը, նպաստելու այլ կազմակերպություններից միջոցների ներգրավմանը և IFC-ի ներդրումային ու խորհրդատվական ծառայությունների միջոցով ճգնաժամի ազդեցությանն առավել ենթարկված ոլորտներին նպատակային աջակցության տրամադրմանը: