Կարեն Սաֆարյանը հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ բանկի հիմնադրման պահից՝ 2003 թվականից։
Կարեն Սաֆարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ԲՈՒՀ-ը ավարտելուն պես՝ 1985 թվականին։ Մինչև 1994 թվականը նա աշխատել է Հայաստանի տարբեր արդյունաբերական կազմակերպություններում՝ որպես ինժեներ։ Հետագայում նա տեղափոխվել է Ռուսաստան, ուր սկսել է ձեռներեցի իր կարիերան։
Արդեն 2000-ականների սկզբին Կարեն Սաֆարյանն ուներ մի քանի տասնյակ բիզնեսներ Ռուսաստանում ու Հայաստանում։ Բացի բանկային բիզնեսից, այդ ժամանակահատվածում Կարեն Սաֆարյանի բիզնես հետաքրքրությունները հիմնականում վերաբերում էին արդյունաբերական ու շինարարական ոլորտներին։ Թերևս ամենանշանակալի շինարարական նախագծերից են եղել Երևանում Կառավարության թիվ 3 ու Երևանի քաղաքապետարանի շենքերի կառուցումը։
2007 թվականից հետո Կարեն Սաֆարյանը փոխել է իր բիզնես հետաքրքրությունների շրջանակն ու աստիճանաբար դուրս եկել Ռուսաստանի շուկայից։ Զուգահեռաբար, հատկապես 2008 թվականի ճգնաժամից հետո, նա նաև դադարեցրել է շինարարության ու արդյունաբերական ոլորտներում իր նախագծերը։
Սկսած 2019 թվականից Կարեն Սաֆարյանի ամբողջ բիզնես գործունեությունը կենտրոնացված է Հայաստանում՝ ֆինանսական ոլորտում։ Կարեն Սաֆարյանի հիմնադրած «Արինս գրուպ» հոլդինգային ընկերության կազմում ներկայումս գործում են «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմենիա» ապահովագրական ընկերությունը, ներդրումային մի շարք ֆոնդեր։
Կարեն Սաֆարյանն ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Կարեն Սաֆարյանը ծնվել է 05.01.1963 թվականին, ունի 3 դուստր:
Արամ Անդրեասյանը ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2009 թվականին։ Մինչ այդ, 1994-1998 թվականներին հանդիսացել է «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ և վարչության նախագահ, 2003-2009 թվականներին զբաղեցրել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնը, իսկ 2005-2006 թվականներին հանդիսացել է խորհրդի անդամ-վարչության նախագահ։
2005 թվականից սկսած Արամ Անդրեասյանը զբաղեցնում է «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՀՁ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի-խորհրդի անդամի պաշտոնը։
Նախքան բանկային ոլորտում գործուներություն սկսելը՝ 1980-1992 թվականներին, Արամ Անդրեասյանը աշխատել է «Հրազդան-Մաշ» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, պլանավորման բաժնի պետ, ֆինանսական բաժնի պետ և գլխավոր տնօրենի տեղակալ։ 1992-1994 թվականներին աշխատել է Հրազդանի շրջանի հարկային պետական տեսչությունում՝ որպես տեսչության պետ, իսկ 1998-2003 թվականներին ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում աշխատել է որպես վերահսկողության ծառայության պետի խորհրդատու և ՀՀ գործադիր իշխանության վերահսկող մարմինների բաժնի վարիչ։
Արամ Անդրեասյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
Արամ Անդրեասյանը ծնվել է 11.10.1955 թվականին, ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր։
Վաչե Գաբրիելյանը ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2019 թվականից։ Նա հանդիսանում է նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ խորհրդի անդամ, ինչպես նաև՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկեան Սիմոն» գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը, 1998 թվականից առ այսօր դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում։
Հանրային կառավարման և ֆինանսների բնագավառում իր գործունեությունը սկսել է 1990 թվականին՝ որպես ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։
Վաչե Գաբրիելյանն իր դասախոսական փորձառությունն սկսել է դեռ 1994 թվականին, մինչև 1998 թվականը նա դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում և եղել է հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրենը։
1998-2010 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով նախագահի տեղակալի, մինչ այդ՝ նախագահի խորհրդականի և խորհրդի անդամի պաշտոնները:
2010-2013 թվականներին Վաչե Գաբրիելյանը ստանձնել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մինչ այդ հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, 2014 թվականի ապրիլից մինչև նոյեմբերը աշխատել է որպես ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, այնուհետև հանդիսացել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ։
Վաչե Գաբրիելյանն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբերնետիկայի ֆակուլտետը, ինչպես նաև ուսանել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում։ Ունի փիլիսոփայության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Վաչե Գաբրիելյանը ծնվել է 24.11.1968 թվականին, ամուսնացած է, ունի 1 որդի, 1 դուստր։
Ալեքսանդր Ֆոն Գլայխը ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2023 թվականից։ Նա 2018 թվականից առ այսօր զբաղեցնում է «Ուզպրոմստրոյբանկ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամի և դիտորդական խորհրդի անդամի պաշտոնները, ինչպես նաև հանդիսանում է ТОО Global Expert Development Group ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
2014-2017 թվականներին Ալեքսանդր Ֆոն Գլայխը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Allianz ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը և Allianz Ուկրաինայի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը։ 2014-2016 թվականներին աշխատել է որպես Խորվաթիայի Hypo Alpe Adria բանկի գլխավոր տնօրեն, իսկ 2021-2022 թվականներին աշխատել է «Ղազախտելեկոմ» ընկերությունում՝ որպես տնօրենների խորհրդի անդամ, դիտորդական խորհրդի անդամ:
Ալեքսանդր Ֆոն Գլայխն ավարտել է Գերմանայի Ֆ.Վիլհելմի անվան Ռեյնի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետը։
Ալեքսանդր Ֆոն Գլայխը ծնվել է 16.06.1967 թվականին, ամուսնացած է, ունի 2 որդի ։
Գարեգին Տոսունյանը ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2009 թվականից։ Նա նաև հանդիսանում է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ:
Իրականացնելով գործունեություն ՌԴ ֆինանսաբանկային և հանրային կառավարման ոլորտում՝ Գարեգին Տոսունյանը ղեկավարել է Մոսկվայի ներկայացուցչության լիազորված բանկերի խորհուրդը, ինչպես նաև հանդիսացել է տնտեսական ռեֆորմի հարցերով ՌԴ կառավարության հանձնաժողովի անդամ և «Վարկային կազմակերպությունների վերակազմավորման գործակալություն» ԲԲԸ վարչության անդամ: 1998-1999 թվականներին, աշխատել է ՌԴ կառավարության նախագահի աշխատակազմում՝ որպես ֆինանսավարկային հարցերով կառավարության նախագահի խորհրդական։ 2000-2002 թվականներին Գարեգին Տոսունյանն աշխատել է ՌԴ կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայում և ՌԴ ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում։
Գարեգին Տոսունյանն ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Հանդիսանում է Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Գարեգին Տոսունյան ծնվել է 14.05.1955 թվականին, ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր։
Տիգրան Սարգսյանը ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2022 թվականից։ 2020 թվականից զբաղեցնում է Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ` 2016 - 2020 թվականներին, հանդիսացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:
Իր գիտական գործունեությունը Տիգրան Սարգսյանը սկսել է 1987-1990 թվականներին՝ աշխատելով որպես ավագ գիտաշխատող ու Հայաստանի տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի միջազգային տնտեսական կապերի գիտահետազոտական խմբի ղեկավար, իսկ 1988-1990 թվականներին՝ երիտասարդ մասնագետների ու գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ։
Հանրային կառավարման և ֆինանսների բնագավառում Տիգրան Սարգսյանն սկսել է աշխատել 1990 թվականին՝ հանդիսանալով Գերագույն Խորհրդի պատգամավոր, Ազգային Ժողովի ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահ։
1995-1998 թվականներին Տիգրան Սարգսյանը գլխավորել է Հայաստանի բանկերի ասոցիացիան։ 1998-2008 թվականներին նա աշխատել է որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, իսկ 2014-2016 թվականներին ստանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնավարումը։
Տիգրան Սարգսյանը 2008-2014 թվականներին զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Տիգրան Սարգսյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետը և Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտը։ Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Տիգրան Սարգսյանը ծնվել է 29.01.1960 թվականին, ամուսնացած է, ունի 2 որդի, 1 դուստր։