Սույն թվականի օգոստոսի 27-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն է տվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալի մասնակցության ձեռքբերմանը: Դրանից առաջ՝ ս/թ. հունիսի 6-ին, ստացվել էր նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թույլտվությունը Արդշինբանկ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությունների համակենտրոնացման մասով:
Այսպիսով Արդշինբանկը հայտնում է, որ վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից ստացել է անհրաժեշտ բոլոր թույլտվությունները «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի 100% բաժնեմասերը ձեռք բերելու ու գործարքը ավարտելու համար:
Առաջիկա ամիսներին կշարունակվեն աշխատանքները Արդշինբանկի համակարգ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի միգրացիայի ուղղությամբ: Միգրացիայի հաջող ավարտին պես կվերջնականացվի բանկի ձեռբերման գործարքը:
Գործարքի կապակցությամբ Արդշինբանկը մեկ անգամ եւս հայտնում է, որ ուրախ է ողջունելու «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաճախորդներին իր բանկային հարթակում և ապահովելու է նրանց սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաև հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն:
Կենտրոնական բանկի կողմից նշանակալի մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության տրման կապակցությամբ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանն ասաց. «Այս գործարքի հաջող ավարտը նշանակալի փուլ կդառնա Արդշինբանկի երկարաժամկետ ռազմավարության իրականացման ճանապարհին, որի գլխավոր նպատակն է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) իրականացումը կապիտալի միջազգային շուկաներում»:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։
Արդշինբանկն ունի ավելի քան 385.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։
Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։