Հայրենական բանկային համակարգից բրիտանական արմատներով խոշոր միջազգային Հոնկոնգ-Շանհայյան բանկային խմբի «հայկական մասնաճյուղի» դուրս գալը, որի մասին հայտարարվեց մի քանի տարի առաջ, երկրի ֆինանսական հասարակայնության մոտ արդարացի հարց առաջացրեց. ինչ է լինելու անգլիական բանկի հաճախորդների և առաջին հերթին բիզնես-հաճախորդների հետ, ովքեր սկսած 1996 թվականից այստեղ ստանում էին միջազգային բանկինգի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան սպասարկում: Եվ հայտարարությունը, որ հնչեց ընթացիկ տարվա սկզբում այն մասին, որ HSBC բանկ Հայաստանը փաստորեն կկլանվի բացառապես հայկական արմատներով բանկի կողմից, ոչ միայն բավարարվածություն բերեց առ այն, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, այլև առաջացրեց բազմաթիվ հարցեր… ԱրմԻնֆոյի տնտեսական թղթակիցը փորձեց ստանալ վերջիններիս հիմնական մասին պատասխանները Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանից:
Պարոն Սարգսյան, երբ Արդշինբանկն ավարտին հասցնի HSBC բանկ Հայաստանի հետ գործարքը, ինչ սկզբունքով է իրականացվելու երկու խոշոր բանկային համակարգերի ինտեգրացիան, և որ ավելի կարևոր է, ինչ սպասելիքներ կարող են ունենալ այս միավորման գործարքից անգլիական բանկային խմբի կողմից «արևմտյան ստանդարտներով սիրաշահված» բազմաթիվ տեղական հաճախորդները:
HSBC բանկ Հայաստանը ձեռք բերելու համաձայնագիրը Արդշինբանկը ստորագրել է այս տարվա փետրվարի 6-ին: Պայմանագիրը ենթադրում է, որ մինչև գործարքի ավարտը HSBC բանկ Հայաստանը շարունակում է աշխատել HSBC խմբի ուղեծրում, և Արդշինբանկը որևէ կերպ չի վերահսկում վերջինիս աշխատանքը. վերահսկողությունը սկսվում է գործարքի ավարտի օրը: Գործարքի ավարտը նախատեսվում է 2024 թվականի նոյեմբերի 29-ին: Նշեմ, որ «գործարքի ավարտ» հասկացությունը կախված է երեք հիմնական գործոններից: Առաջինը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարգավորող թույլտվության ստացումն է, որն առկա է: Երկրորդ գործոնը կարգավորող թույլտվության ստացումն է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, ինչը ևս առկա է: Եվ երրորդ գործոնը կախված է նրանից, թե Արդշինբանկի և HSBC-ի Լոնդոնի մասնագետները որքան արագ կկարողանան ապահովել տվյալների բազաների տեղափոխումը HSBC Լոնդոնից Արդշինբանկ: Իրականում, տեխնիկական տեսանկյունից սա գործարքի ամենաաշխատատար և ամենապատասխանատու մասն է, քանի որ սա միայն տվյալների տեղափոխում չէ, այլ բոլոր տվյալների տեղափոխում և ինտեգրացիա քորբանկինգի (core banking sofware/հիմնական բանկային ծրագիր) մի համակարգից HSBC Լոնդոնից քորբանկինգի մեկ այլ համակարգ, որն օգտագործում է Արդշինբանկն այստեղ՝ Երևանում: Սա շատ մանրակրկիտ աշխատանք է, դաշտը դաշտի հետևից, կղզյակը կղզյակի հետևից իրականացվում է տվյալների, ծառայությունների, տեխնոլոգիաների և մնացյալի միաձուլում: Բայց այս աշխատանքը ևս, մեծ հաշվով, մոտենում է ավարտին: Մենք բառացիորեն օրեր առաջ վերջացրեցինք երկրորդ, այսպես կոչված, փորձարկումը, որպեսզի տեսնենք, թե ինչ թերություններ կան, ինչն է պետք շտկել, և մենք հուսով ենք, որ ամսի 29-ին կավարտենք աշխատանքը: Այնուհետև կլինի գործարքի ավարտը ազդարարող վերջնական հայտարարությունը, որից հետո տեղի կունենա բանկի վերանվանում. HSBC բանկը կդառնա Արդշինինվեստբանկ:
Ինչու՞ է գործարքը կատարվում Արդշինինվեստբանկի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն: Կարծիք կա, որ Արդշինինվեստբանկը լինելու է Արդշինբանկի դուստր ներդրումային բանկը:
Դա այդպես չէ: Գործարքը երկու հիմնական փուլ է ենթադրում: Առաջինը, իրականացվում է HSBC բանկ Հայաստանի ձեռք բերումը և վերջինիս վերանվանումն Արդշինինվեստբանկի, և երկրորդ փուլով ընթանում է Արդշինբանկի կողմից Արդշինինվեստբանկի կլանումը առաջին փուլից 2-3 ամիս անց: Երկրորդ փուլը կգործարկվի HSBC բանկ Հայաստանի բաժնեմասերի ամբողջական փաթեթը ձեռք բերելուց հետո, որից հետո երկրորդ փուլում նորից կարիք կլինի լուծել միաձուլման ընթացակարգային, գործընթացային, կարգավորող և այլ տեխնիկական հարցեր: Իսկ ինչո՞ւ հենց Արդշինինվեստբանկ: Որովհետև դա մեր բանկի նախկին անվանումն է, այն պատենտավորված և գրանցված է մեր կողմից, և որևէ անհրաժեշտություն չկա երկու-երեք ամսվա համար նոր բան մտածելու:
Եկեք խոսենք HSBC բանկ Հայաստանի հաճախորդների մասին: Ի՞նչ սպասելիքներ կարող են նրանք ունենալ: Կլինե՞ն ինչ-ինչ անհարմարություններ, սահմանափակումներ և այլն: Չէ որ, ինչպես ասում են՝ սովորույթը երկրորդ բնավորությունն է, այնինչ մարդիկ պետք է անցում կատարեն նոր ծրագրային ապահովման, մոբայլ հավելվածի և գործընթացների…
Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի հաճախորդները չզգան այդ անցումը: HSBC բանկ Հայաստանի հաճախորդներն արդեն ստանում են նոր բանկային քարտերով և դրանց ակտիվացման համար անհրաժեշտ ցուցումներով ծրարներ: Ընդ որում, բանկային հաշիվները չեն փոխվում, քարտերը նույնպես, ըստ էության միայն վերջիններիս դիզայնն է փոխվում: Մոբայլ հավելավծները պահպանում են նույն մուտքանունները, ինչ որ մինչ այդ, կարիք կլինի միայն փոխել գաղտնաբառը, քանի որ հաճախորդը նոր համակարգ, նոր մոբայլ բանկինգ է մուտք գործելու: Բանկ գնալու անհրաժեշտություն ընդհանրապես չի լինելու: Այնպես, որ մենք խոստանում ենք հաճախորդներին պատճառել նվազագույն անհարմարություններ: Այդ հաճախորդները կշարունակեն սպասարկվել նույն վեց մասնաճյուղերում, որ ունի HSBC բանկ Հայաստանը հիմա և նույն մասնագետների մոտ, ում հետ համագործակցությանը իրենք սովոր են: Մենք պահպանում ենք այս ամենն ու նման մոտեցումը շատ կարևոր ենք համարում:
HSBC բանկ Հայաստանը սպասարկում էր, եթե կարելի է այդպես ասել «իր հաճախորդին», որը հակված էր արևմտյան ֆինանսական շուկային: Այդ թվում հաճախորդներին և միջազգային ընկերություններին, որ աշխատում են Հայաստանում: Կզգա՞ն արդյոք նրանք՝ իրավաբանական անձիք, ինչ-ինչ, մեղմ ասած, «խորդուբորդություններ»:
Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում, ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ բոլոր հայկական բանկերն են կարողացել միջազգային գործարքներ կատարել: Դոլարային և եվրո թղթակցային հաշիվները բավական սահմանափակ էին: 2022 թվականի փետրվարի հայտնի իրադարձություններից առաջ երկրում ընդամենը երեք բանկ կարող էր կատարել ուղիղ դոլարային գործարքներ, այդ թվում մենք, HSBC բանկ Հայաստանը և Ամերիաբանկը: Մեր մյուս բանկերը նույն գործարքները երկար տարիներ կատարում էին երրորդ երկրների բանկերի միջնորդությամբ, հիմնականում՝ Ռուսաստանի: Եվ 2022 թվականից հետո, երբ ռուսական բանկային համակարգը կտրվեց արևմտյան ֆինանսական համակարգից, այդ խնդիրը խորացավ: Դոլարով և եվրոյով լիարժեք միջազգային գործարքներ նրանք, ցավոք սրտի, ի վիճակի չեն իրականացնել: Եվ այս տեսանկյունից, HSBC-ի հաճախորդների համար, հատկապես՝ միջազգային ընկերությունների, IT ոլորտի ընկերությունների կամ այլ, որևէ խնդիր չկա: Մեր բանկը մեկն է երկու այլընտրանքից, այդ իսկ պատճառով այդ հաճախորդները խնդիրներ չեն ունենա:
HSBC բանկ Հայաստանի ֆինանսական ծառայությունները կկրկնօրինակվե՞ն ձեր կողմից:
Ոչինչ կրկնօրինակել պետք չէ: Գոյություն չունեն այնպիսի ծառայություններ, որ մենք չենք տրամադրում մեր հաճախորդներին: Ընդհակառակը, HSBC-ն ուներ իր սահմանափակումները Հայաստանում տրամադրվող ծառայությունների տեսականու նկատմամբ: Այժմ, Արդշինբանկի հարթակ տեղափոխվելուց հետո, միջազգային շուկաներում տրամադրվող ծառայությունների տեսականին և քանակը ոչ միայն չի նվազի, այլև, ընդհակառակը, կտրուկ կաճի, քանի որ հաճախորդները կստանան հասանելիություն նոր ծառայությունների բավական լայն տեսականուն, որոնք HSBC Հայաստանը չէր տրամադրում: Կային նաև ներքին սահմանափակումներ. Օրինակ՝ HSBC Հայաստանը երբեք դեբետային քարտեր չի ունեցել: Կամ օրինակ՝ հնարավոր չէր գումար փոխանցել քարտից հայկական բանկի այլ քարտի, դա պետք էր անել վճարային ընկերությունների դրամապանակների միջոցով: Մեր հարթակում այս բոլոր խնդիրները վերանում են: Սա ներքին հատվածն է, իսկ միջազգայինը փոխանցումներն են, ակրեդիտիվները, առևտրային ֆինանսավորումը, դրան ավելացնենք արժեթղթերով բոլոր գործարքները և շատ ավելին:
Այնպես որ, այդ տեսանկյունից Արդշինբանկը որպես մի վայր, ուր կարելի է փոխադրվել HSBC-ից, լավագույն ընտրությունն է, որովհետև հաճախորդները կշարունակեն հասանելիություն ունենալ բոլոր միջազգային շուկաներին, բոլոր տարադրամներին, ավելին՝ նրանց ծառայությունների տեսականին կավելանա: VIP հաճախորդները ևս կշարունակեն սպասարկվել: VIP չի լինի, կլինի այլ անվանում, որը ես դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Այդ մասին կհայտարարենք:
Չեմ կարող չշարունակել մեր զրույցը Արդշինբանկի խիստ համապատասխանության ընթացակարգի թեմայի շուրջ, մի բան, որի մասին խոսել ենք մեկ տարի առաջ: Չգիտեմ, թե HSBC Բանկ Հայաստանը որքան խստորեն է աշխատել համապատասխանության ստուգումների տեսանկյունից։ Այստեղ կարո՞ղ են հարցեր առաջանալ:
Արդշինբանկի ողջ քաղաքականությունը պատժամիջոցների, համապատասխանության ոլորտում և այլն, ինչպես ընդունված է ասել, կանգնած է երեք կետերի վրա: Առաջինը Հայաստանի օրենսդրության պահանջներն են, հաջորդը բոլոր այն պահանջներն են, որոնք ներառված են ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում։ Եվ, ի վերջո, այն է, որ Արդշինբանկն ամբողջությամբ, առանց բացառությունների, կիրառում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ողջ ռեժիմը, ԵՄ պատժամիջոցների ողջ ռեժիմը և Միացյալ Թագավորության պատժամիջոցների ողջ ռեժիմը։ Այս տեսանկյունից, մեր բոլոր պահանջները, սահմանափակումները, մեր քաղաքականությունը համապատասխանում է ցանկացած այլ միջազգային բանկի քաղաքականությանը: Եվ մեծ հաշվով, ցանկացած բանկ, լինի այն Հայաստանում, թե ցանկացած այլ երկրում, դոլարով կամ եվրոյով միջազգային ֆինանսական գործարքներ վարելիս՝ պարզապես պարտավոր է հետևել վերը թվարկված երկրների բոլոր այս պահանջներին: Արդշինբանկը դրանցից մեկն է: Համապատասխանության համակարգի ներդրման մասին մեր վերջին զրույցից հետո, շուկայում իրադրությունը շարունակում է բարդանալ, պահանջները աճում են, ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ և սահմանափակումներ են ներդրվում, ամեն օր որևէ նոր բան է հայտնվում և մենք ստիպված ենք լինում ավելի շատ ժամանակ և ջանքեր տրամադրել այդ պահանջներին համընթաց գնալու համար, հասկանալու կանոնների կիրառման պրակտիկան, քանի որ պետք է իմանալ ինչպես և ինչ պայմաններում է պետք կիրառել պատժամիջոցային սահմանափակումները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության նախադեպային իրավական համակարգերը:
Այսօր համապատասխանությունը բանկի ամենակարևոր ստորաբաժանումն է, որը որոշումներ է ընդունում ներքին խիստ գործընթացների համաձայն: Բանկում ոչ ոք չի կարող չեղարկել համապատասխանության ծառայության որոշումը: Չէ որ համապատասխանությունն այսօր բանկը պաշտպանում է բոլոր այն ռիսկերից, որոնք կարող են տեսականորեն առաջանալ: Դա երկաթյա գործընթաց է՝ առանց որևէ բացառության և տեսակավորման:
Իսկ ոչի՞նչ, որ այդ երկաթյա գործընթացի պատճառով կարելի է ընդհարվել հաճախորդների բազայի արտահոսքի հետ: Առավել ևս, որ բազմաթիվ պրակտիկ ֆինանսիստներ և տեսաբան տնտեսագետներ գտնում են, որ Արևմուտքի կողմից ներմուծված համապատասխանության համակարգը անօրինակա՛ն է: Բանկերն իրենց վրա են վերցրել թե՛ մեղադրողի, թե՛ դատապաշտպանի դերը: Բանկերը անտեսում են անմեղության կանխավարկածի տարրական սկզբունքը։ Ի վերջո, համաձայնեք, այստեղ որոշակի ճշմարտություն կա:
Ո՛չ, այդ ամենն այլևս այդպես չէ: Ցավոք սրտի: Այսօր կա մեղավորության կանխավարկած: Այս ոլորտում՝ միջազգային ֆինանսների ոլորտում, կա մեղավորության կանխավարկած: Եթե մեր համապատասխանության մասնագետը բավարար չափով վստահություն չունի, որ այս կամ այն գործարքը «մաքուր» է, համապատասխանում է բոլոր այն կանոններին, որ ես թվարկեցի, ապա իրավունք ունի և պարտավոր է այդ գործարքը կասեցնել: Այո, դուք ճիշտ եք, հաճախորդները բողոքում են, որ անհարմարություն են զգում, կամ նրանց ընդհանրապես հրաժարվում են սպասարկել: Բայց ինչ արած, կանոններն են այդպիսին:
Բայց չէ որ արտահանման-ներմուծման գործարքների 60%-ը Հայաստանում կապված են Ռուսաստանի հետ և ԵՄ, ԱՄՆ և Միացյալ Թագավորության այդ համապատասխանության կանոնները կիրառելու դեպքում կարելի է, համաձայնեք, չեղարկել ցանկացած գործարք Ռուսաստանի Դաշնության հետ:
Ես հասկանում եմ: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ. մենք այսօր Հայաստանի խոշորագույն բանկն ենք, մենք այսօր մեկն ենք այն փոքրաթիվ ուղիներից, որով հայ գործարարները, տնտեսվարող սուբյեկտները, պետությունը շփվում են միջազգային ֆինանսական համակարգի հետ: Դա ստացվել է այն պարզ պատճառով, որ մենք, ի տարբերություն հայկական բանկերի մեծ մասի, ունենք ուղիղ ելք դեպի միջազգային շուկաներ, այն դեպքում, երբ բազմաթիվ այլ բանկերի աշխատանքն ավանդաբար Ռուսաստանի Դաշնության բանկերի միջոցով էր ընթանում: Եվ բոլոր այդ ուղիները 2022 թվականի մարտին փակվեցին: Այդ պատճառով մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ այդ ուղիները մեր առջև ևս փակվեն: Մենք զրոյական հանդուրժողականություն ունենք ցանկացած արտահանման-ներմուծման գործարքների հանդեպ, որոնք այս կամ այն կերպ, անուղղակիորեն, երրորդ անձանց, չորրորդ բանկերի, միջնորդ-կազմակերպությունների և այլնի միջոցով, կամ որևէ այլ կերպ չեն բավարարում համապատասխանության պահանջներին: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ հաճախորդներն այլ բանկ են գնում: Հնարավոր է, չգիտեմ: Բայց այդ բանկերը, ուր գնում են նրանք, միջազգային վճարումների շուկայի մասնակիցներ չեն հանդիսանում: Ցավոք սրտի, այլընտրանք ուղղակի չկա, որովհետև այլապես մենք նույնպես կկորցնենք հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգին, և արդյունքում հայկական բանկային համակարգը այն կկորցնի: Ո՞վ կտուժի, հաճախո՛րդը:
Հետաքրքրական է, որ չնայած այդ ինքնասահմանափակումներին, Արդշինբանկը շարունակում է առաջատար մնալ բանկային համակարգում, և, ելնելով HSBC բանկ Հայաստանի հետ միավորման և կլանման գործարքից, չի պատրաստվում զիջել իր դիրքերը շուկայում: Պատմեք բանկի ընթացիկ ռազմավարության մասին, որը թույլ է տալիս մեծ տարբերությամբ առաջատար մնալ:
Բանկն արդեն մի քանի տարի է առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում: Այսօր մենք առջևում ենք բոլոր ցուցանիշներով, այդ թվում կապիտալի եկամտաբերության և ակտիվների մակարդակով: Միակ ոլորտը, որտեղ մենք դեռ երկրորդ տեղում ենք՝ վարկային պորտֆելի ծավալն է, բայց տարվա վերջին պլանավորում ենք այստեղ ևս առաջ անցնել: Այն, որ մենք առաջատար չէինք վարկային պորտֆելով, բանկի ղեկավարության որոշումն էր. սահմանափակել վարկավորման ծավալները: Երրորդ եռամսյակում մենք հանեցինք այդ սահմանափակումը և այդ առումով տարին լավ կավարտենք: Ինչ վերաբերում է ռազմավարությանը, ապա մենք, ինչպես գիտեք, ունիվերսալ բանկ ենք, որտեղ հավասարապես ուժեղ են կորպորատիվ, մանրածախ, ներդրումային բիզնեսը, առկա է ուժեղ միջազգային դիլինգ: Կարևոր է դիվերսիֆիկացնել բանկի եկամտի աղբյուրները տնտեսական անախորժությունների, բարձր անկայունություն և աշխարհաքաղաքական անկայունության ժամանակներում:
Բայց բանկային եկամտաբերությունը այս համարյա երեք տարիների ընթացքում բազմապատկվել է «չկա չարիք առանց բարիքի» սկզբունքով…
Հսկայական վերաարտահանումների և վերաներմուծումների մասին այս ամբողջ աղմուկ հանած լուրերը՝ հայպը, հաշվի չեն առնում երեք կարևոր տարր: Առաջինը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից թեժ փուլից առաջ բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրում էին վերազգային ընկերությունները, լինի դա սնունդ, մանր կենցաղային տեխնիկա, ծխախոտ և այլն, արտադրվում էին այդ վերազգային ընկերությունների կողմից Ռուսաստանում կամ Ուկրաինայում ԱՊՀ երկրների համար: Այդ ամենը՝ փոխաբերական իմաստով «unilever»-ը, ներմուծվում էր այնտեղից: 2022 թվականից հետո այդ ապրանքների մեր ներքին սպառումը ռուսականից անցավ այլ շուկաներ, որտեղ նույն գործարանները շարունակում էին արտադրել նույն արտադրանքը։ Այսինքն՝ մի մատակարար շուկան փոխարինվեց մեկ այլ շուկայով։ Երկրորդ տարրը շատ կարևոր է՝ հայկական բանկերի մեծ մասն աշխատել է ռուսական բանկերի միջոցով, օրինակ՝ ՎՏԲ-ի կամ Սբերբանկի միջոցով։ Նրանք իրենց փոխանցումները դոլարով կամ եվրոյով կատարում էին այս բանկերի միջոցով։ Սակայն մի օր ամեն ինչ ավարտվեց: 18 բանկերից 15-ը դադարեցին իրականացնել այդ գործարքները և համապատասխանաբար, քանի որ տնտեսությունը պետք է շարունակի ապրել, այդ բանկերից հաճախորդները տեղափոխվեցին Արդշինբանկ և երկու այլ բանկեր: Զուտ տեխնիկապես դա շուկայի 40-50%-ն է: Այժմ շուկայի կառուցվածքը փոխվել է: Այս 2,5 տարիների ընթացքում մեր հաճախորդների թիվը կտրուկ աճել է։ Ունեինք 200 հազար հաճախորդ, հիմա ունենք 390 հազար: Երրորդ գործոնը կամ տարրը Հայաստանի յուրահատկությունն է. մեր ամենամեծ սփյուռքն ապրում է Ռուսաստանում։ Այնտեղ 2,5 միլիոն հայ կա, նրանցից ավելի քան 800 հազարը Հայաստանի քաղաքացիներ են։ Հասկանալի է, որ այդ մարդկանց մի ահռելի զանգված պարզապես իր ընտանեկան խնայողությունները փոխանցել է Հայաստան, քանի որ այստեղ ունեն բիզնես և անձնական շահեր։ Ոմանք, անորոշության պայմաններում, որոշել են փրկել իրենց ունեցվածքը։ Այդ միջոցների մի մասը հայտնվել է նաեւ մեր բանկում: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ նրանք մեծահարուստներ լինեն։ Այս երեք գործոններն էլ շատ կարևոր են հասկանալու համար, թե ինչու է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում:
Բայց դուք չեք կարող հակառակվել այն վիճակագրությանը, որ բանկերը վերջին երեք տարիների ընթացքում իրենց հիմնական բարձր եկամուտները ստացել են ոչ թե տնտեսության վարկավորումից, այլ միջնորդավճարներից և արժեթղթերով առևտրային գործարքներից։ Եվ ստացվում է, որ տնտեսության մեջ այդքան բարձր ավելցուկային իրացվելիություն ունենալով, իրական հատվածը ոչինչ չի ստացել։ Ինչու՞ այդպես եղավ: Բարձր տոկոսադրույքնե՞րը խանգարեցին:
-Վերջին տարիներն ուղեկցվել են անկայունության բարձր մակարդակով միջազգային շուկաներում, և դա հանգեցրել է ֆինանսական գործարքների մարժայի զգալի աճին։ Անորոշությունն ինքնաբերաբար մեծացնում է մարժան: Մյուս կողմից, այս անորոշությունը խթանեց գնաճը և հանգեցրեց հիմնական տոկոսադրույքների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Այստեղից էլ բանկերի ռեկորդային շահույթը։ Ի վերջո, բանկերը, որոնք նախկինում գումար էին վաստակում տնտեսությունը վարկավորելով՝ միաժամանակ կառավարելով վարկային ռիսկերը, այժմ փոխել են իրենց վարքագիծը և սկսել են գումար վաստակել թե՛ պետությանը վարկավորելուց՝ արժեթղթերի գնման միջոցով, թե՛ միջնորդավճարներից ու բարձր մարժաներից։ Որպես օրինակ վերցնենք ԱՄՆ դոլարը, որով վարկավորումը ներքին շուկայում իրականացվում էր տարեկան 7-8%-ով։ Ինչու՞ գնաճի ֆոնին 8%-ով վարկ տալ տնտեսությանը, եթե այդ նույն ԱՄՆ դոլարով կարելի է գնել ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր և տարեկան 5,3% վաստակել առանց ռիսկի, առանց ծանրաբեռնելու կապիտալը, առանց ստեղծելու պաշարներ հնարավոր կորուստների համար: Այսքանը: Սա է պատճառը, որ մեր բանկում որոշում կայացվեց սահմանափակել վարկային գործունեությունը: Հիմա իրավիճակը փոխվում է, տոկոսադրույքները նվազում են, իսկ վարքագիծը փոխվում է դեպի ավելի վարկային-ագրեսիվը։
Պատասխանելով ձեր հարցին՝ պետք է ևս մեկ գործոն հաշվի առնել: Բանն այն է, որ երկիրն ունեցել է և ունի բարձր տնտեսական աճ։ Գրեթե բոլոր ոլորտները զգում են դա, և դա հանգեցրել է նրան, որ սկսում է ի հայտ գալ ավելորդ լիկվիդայնություն: Կորպորատիվ հաճախորդներն իրենք են դադարել վարկեր վերցնել, քանի որ այժմ բավարար լիկվիդայնություն ունեն: Ավելին, նախկինում վերցված վարկերի մարման հետ կապված ևս խնդիրներ չկան։ Ասես մակրոտնտեսության մասին դասագրքով լինի: Բարձր տոկոսադրույքները դանդաղեցնում են վարկավորումը, կանխում գնաճի արագացումը և ավելացնում խնայողությունները: Այժմ ժամանակն է խնայողությունները վերածել ներդրումների, և մենք պատրաստ ենք նորից ներդրումներ կատարել իրական հատվածում։
Միաժամանակ, ես չէի ասի, որ իրական հատվածն այս տարիների ընթացքում լճացել է։ Չեմ կարող համաձայնվել, որ կապիտալը չի օգտագործվել տնտեսության ներուժն ընդլայնելու համար։ Գյուղատնտեսության ոլորտում լավ զարգացումներ ենք տեսնում: Մարդիկ իրականում կապիտալ ներդրումներ են անում ինտենսիվ այգիներում, որոնք կսկսեն իրենց հավելյալ արժեքը բերել ևս 5-7 տարի անց։ Մենք տեսնում ենք, թե որքան լավ է զարգանում ՏՏ ոլորտը։ Դժվար է ասել, թե այս ամենը երբ կվերածվի որակի, որը կազդի ներքին տնտեսության վրա, բայց դա տեղի կունենա։ Բայց, այնուամենայնիվ, մեր հիմնական խնդիրը, իմ կարծիքով, կրթության ոլորտում առկա լուրջ բացերն են, լավ պատրաստված, պրոֆեսիոնալ և ստեղծագործ մարդկանց բացակայությունը, որոնք ունակ են ստեղծելու նոր ձեռնարկություններ, ընկերություններ, նախաձեռնություններ։ Առանց դրա, հավատացեք, տնտեսության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինի, նույնիսկ այն կապիտալի առկայության և հասանելիության դեպքում, որը կարող է ֆինանսավորել ցանկացած արժեքավոր բիզնես գաղափար։